ՄԻՊ-ի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ երիտասարդների
30-07-2026 13:00 Հայաստան Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ նախագծին միացել է Էլեն Մուրադյանը, ով սովորում է բժիշկ-դեղագետի մասնագիտությամբ, իսկ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն է ստանում նաև սննդի անվտանգության ոլորտում։ Էլենը հետաքրքրված է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես՝ կրոնական համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, էվթանազիայի և մի շարք այլ թեմաներով, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։
«Նախագծի շրջանակում Էլենը մեկ օր է անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես մասնակցել հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացմանը, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Ուղարկի՛ր քո ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը և պատմի՛ր, թե ինչու հենց դու պետք է դառնաս նախագծի հաջորդ մասնակիցը»: