5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են
Noyan Tapan
AM RU EN WA FR

5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են

18-07-2026 17:07 Հայաստան Իրավունք
5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են
3 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով երկու ոստիկաններ ձերբակալվել են։
 
ՔԿ-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս․-ն և Ա․Գ․-ն, շահադիտական նպատակով, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, օժանդակել են սպանությանն ու սպանության փորձին։
 
Ըստ քննության՝ ոստիկանները նախապես խոստացված 5 մլն դրամ գումարի դիմաց պարզել են տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը և այն հայտնել սպանության մեջ մեղադրվող Ա․Ս․-ին։
 
ՔԿ-ի տվյալներով՝ նրանք նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին մասնակցել են տուժողներին հետապնդելու ընթացքում խոչընդոտների վերացմանը։
 
Դեպքը տեղի էր ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում։ Քննության տվյալներով՝ մեղադրյալ Ա․Ս․-ն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Ար․Հ․-ն մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ Ա․Հ․-ն, ստացել էր կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։
 
2 ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելու հոդվածով։
 
Ա․Ս․-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար։
 
Քննչական կոմիտեն շարունակում է պարզել գործի բոլոր հանգամանքները։
 
 ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան   |   Իրավունք

 

 

Կարդացել են 27 անգամ