Նոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Նոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի

30-07-2026 11:37 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Նոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի
 azatutyun.am Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի։
 
«Ես այդպիսի Կաթողիկոս չեմ ճանաչում»,- Գարեգին Երկրորդի մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մինչև հիմա մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքով ու ուղերձով։ Այդպես է եղել նույնիսկ 40-օրյա պատերազմից հետո, երբ Գարեգին Երկրորդը Փաշինյանին հորդորում էր հեռանալ։
 
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով է սահմանված՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Կաթողիկոսն ու հանրապետության նախագահը։ «Քաղաքացիական պայմանագրից» այսօր ուղիղ են ասել՝ տրամաբանական չէր լինի, որ կաթողիկոսին հրավեր ուղարկեին։
 
«Տրամաբանական է, որ Կտրիճ Ներսիսյանին չէին հրավիրի այդ նիստին», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
 
Իսկ հնարավո՞ր է՝ Փաշինյանին միացած հոգևորականներից մեկին են հրավիրում, օրինակ՝ Արամայիս Թախմազյանին, որ այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակի շենքում է եղել։ Կարգալույծ եղած քահանան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։
 
«Ուզում ենք իմանալ՝ Դո՞ւք եք լինելու նիստին, կարո՞ղ է նման բան լինել», - լրագրողի այս հարցին կարգալույծ հռչակված քահանա Տեր Թադեն արձագանքեց. - «Ինձ թվում է՝ կարող եք հարց ուղղել Ազգային ժողովին»։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 12 անգամ