Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

08-07-2026 15:55 Հայաստան Հասարակություն
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։
 
«Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- ասում է ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։
 
ՆԳՆ ՓԾ-ից իրազեկում են՝ օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ, իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։
 
Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։
 
Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։
 
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 29 անգամ