Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է

27-07-2026 16:40 Քաղաքականություն
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
1in.am  Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակայությանը վերջ է տվել։ Այս եզրակացությանն է եկել Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունը։ Տեղեկատվությունը տարածել է Բաքվի իշխանկան minval.az-ը՝ առանց սկզբնաղբյուրի վկայակոչման։ Ադրբեջանական լրատվամիջոցին, երևում է, հետաքրքրել է ոչ այնքան նյութի հավաստիությունը, այլ՝ ներքին և արտաքին ազդեցությունը։ Մանավանդ որ Ուկրաինայի ԱՀԾ-ն հատուկ նշել է Եվրոպայի էներեգետիկ շուկայում «Ռուսաստանին լիովին փոխարինելու պատրաստակամության» մասին Բեռլինում Իլհամ Ալիևի հայտարարության կարևորությունը։
 
Նախապատերազմական 2021թ․-ին Ռուսաստանը Եվրոպա է արտահանել 155 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ադրբեջանը պարտավորված է 2027թ․ Եվրամիության երկրներ արտահանել ընդհանուր առմամբ 20 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ծավալների ահռելի տարբերությունը վկայում է, որ Ադրբեջանը գազի եվրոպական շուկայում Ռուսաստանին փոխարինել պարզապես չի կարող։ Ինչպես ասում են՝ այն մակարդակը չէ։
 
Բայց արտաքին քաղաքական «լեգենդը» հյուսվել է, և Ուկրաինան ԱՀԾ մակարդակով Ալիևին սատարել է։ Ընդ որում, այդ մասին տեղեկությունը տարածվել է Կասպից ծովում իրանական բեռնանավի խոցման և այդ առթիվ Ուկրաինայի հասցեին Թեհրանի կոշտ հայտարարության համատեքստում։
 
Fox News-ին հարցազրույցում Զելեսնկին հայտարարել է, որ Իրանը Ուկրաինայի դեմ «պատերազմին մասնակցում է առաջին տարուց ի վեր»։ Նա վկայակոչել է Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-եր մատակարարելու, իսկ հետագայում արտադրության լիցենզիա և տեխնոլոգիաներ տրամադրելու «անհերքելի փաստերը»։ Ռուսաստան-Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների լոգիստիկան առնվազն հետախուզական առումով «միջնորդավորված» է Ադրբեջանով։
 
Կարելի է ենթադրել, որ Եվրամիության «էներգետիկ անվտանգությունը ապահովելու Ադրբեջանի պատրաստակամության» քարոզչությունը, որի հավաստիությանը իրականում ոչ ոք չի հավատում, խորքային իմաստով Ռուսաստան-Իրան ռազմավարական հաղորդակցությունը «խոչընդոտելու» դիմաց Ալիևին տրվող բոնուս է, որ, ամենայն հավանականությամբ, կգործի կարճաժամկետ հեռանկարում: Ռուսաստան-Եվրոպա էներգետիկ ենթակառուցվածքները հիմնականում պահպանվել են և ուկրաինական կարգավորումից հետո կարող են շատ արագ վերագործարկվել։
 
Միամտություն կլիներ ասել, թե Իլհամ Ալիևը դա չի հասկանում կամ չի հաշվարկել, որ Ռուսաստանի և Իրանի միջև սեղված՝ Ադրբեջանը նման «արկածախնդրություն» չպետք է թույլ տա։ Հետևաբար ո՞րն է Հարավային Կովկասում Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» նրա մոտիվացիան։ Այս հարցը առաջին հերթին պետք է հուզի Հայաստանին։ Մյուս բոլոր «խաղացողները», հաշվի առնելով նրանց «քաշային կարգը», այլընտրանք «միշտ կարող են ունենալ»։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 5 անգամ