Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

27-07-2026 15:33 Հայաստան Մշակույթ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Միջազգային հեղինակավոր հարթակներում մեծ հռչակ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք՝ բնության վեհությունը վերածելու հնչյունների սիմֆոնիայի։ 
 
Այս շրջագայությունը, որ «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրի մաս է կազմում, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլև կարևորագույն քայլ՝ ուղղված մարզերում բարձրարվեստ դասական երաժշտության հասանելիությանն ու հոգևոր կյանքի աշխուժացմանը: 
 
Համաշխարհային բեմեր նվաճած, մեր երկրի առաջին և կարևոր նվագախմբի մարզային շրջագայությունները կրում են ռազմավարական և խորհրդանշական բնույթ, իսկ 2024թ-ից աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ սյունիքյան բեմերում ելույթները դարձել են ամենամյա գեղեցիկ ավանդույթ: 
 
Այս տարի շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով, հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի Մշակույթի կենտրոնում, հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:  Մեղրիի և Կապանի համերգների գործընկերներն են Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները: 
 
Այս բացառիկ երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: 
 
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հռչակավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համար հայրենի մարզերում ելույթ ունենալը սոսկ հերթական համերգային շրջագայություն չէ, այլ կարևոր  առաքելություն: Մշակութային ապակենտրոնացումը և Սյունիքի պես ռազմավարական ու հոգևոր կարևորագույն կենտրոնում նմանատիպ նախագծերի իրականացումը հնարավորություն է տալիս տեղի հանդիսատեսին հաղորդակից դարձնել միջազգային բարձր կատարողական արվեստին՝ սեփական հարկի տակ: 
 
Այս տարի «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին:
 
 
Նոյյան տապան   |   Մշակույթ

Կարդացել են 5 անգամ