1in.am Օմսկում Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ հանդիպումից մեկ օր հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Ռազմածովային ուժերի սպայակազմի ներկայացուցիչների առջև ելույթում հայտարարել է, որ Ուկրաինան մի օր կորցնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինից «նվեր ստացած» արևմտյան տարածքները։ Նա նույնիսկ նշել է այն երկրները, որ կարող են հավակնել այդ տարածքներին՝ Լեհաստան, Հունգարիա և Ռումինիա։
Այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, դաշինք, որին Ռուսաստանը թշնամի է ճանաչում և նրան մեղադրում իրեն «ռազմավարական պարտության մատնելու նպատակադրվածության» մեջ։ Այդ համատեքստում Ուկրաինայի նկատմամբ Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի տարածքային «պահանջատիրության» փաստացի անոնսավորումը թվում է ոչ միայն անտրամաբանական, այլև ՌԴ աշխարհաքաղաքական շահերին հակոտնյա։
Բայց խորքային իմաստով Պուտինը հետապնդում է Եվրոպայի «հակառուսաստանյան դաշինքի» տրոհմանը և Լեհաստանին, Հունգարիային և Ռումինիային փաստացի առաջարկում է «կիսել Ուկրաինան»։ Միայն պատկերացնել կարելի է, թե ՆԱՏՕ-ն ինչ ճգնաժամի մեջ կհայտնվի, եթե Լեհաստանը, Հունգարիան և Ռումինիան օրակարգ բերեն «խլված տարածքները վերադարձնելու պահանջը»։
Այդ հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը բացահայտել է Օմսկում ղազախստանցի պաշտոնակցի հետ հանդիպման ձախողումը։ Հստակ հասկացվում է, որ առանձնազրույցի ժամանակ նրան չի հաջողվել Տոկաևին համոզել, որ «ռազմաճակատում նախաձեռնությունը լիովին Ռուսաստանի ձեռքում է, Կիեւի ռեժիմը վախճանը մոտալուտ է»։
Ուկրաինայից Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի «տարածքային արդարացի պահանջների» հրապարակայնացման հասցեատերը, ամենայն հավանականությամբ ոչ միայն Վարշավան, Բուդապեշտը և Բուխարեստն են, այլև առաջին հերթին՝ Բրյուսելը, Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը։ Ըստ էության, դա շատ թափանցիկ ակնարկ է, որ Ռուսաստանը «կարող է համաեվրոպական պատերազմ հրահրել»։
Բելառուսի հետ «միութենական պետության», Ղազախստանի համագործակցությամբ «եվրասիական ընդհանուր տան» նախագծերը ռուս-ուկրաինական պատերազմի փորձությունը չեն հաղթահարում, Մինսկը և Աստանան պատմական պատասխանատվության բեռ կիսելու ոչ մի մոտիվացիա չունեն։ Ի հակակշիռ՝ Վլադիմիր Պուտինը, երևում է, նպատակադրվել է Արևելյան Եվրոպայում «պահանջատիրություն» բորբոքել։ Նման գայթակղություն 1939 թ․-ին Ստալինն է ունեցել։