Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել

28-07-2026 10:33 Քաղաքականություն
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
1in.am  Հուլիսի 27-ին Իլհամ Ալիևի հրամանագրով Զամին Ալիևը նշանակվել է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս։ Մինչ այդ նա նույն պաշտոնը զբաղեցրել է Կարսում, ավելի վաղ՝ դիվանագիատական ծառայություն անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում։ Անցյալ շաբաթ Իլհամ Ալիևը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից ետ է կանչել Ռաշադ Մամեդովին և նրան նշանակել Ուզբեկստանում դեսպան։ Անկարայում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Ռաշատ Ասլանովը, որ մինչ այդ պաշտոնավարել է Իտալիայում, Մալթայում և Սան Մարինոյում։
 
Թուրքիայում՝ դեսպանի, իսկ Ստամբուլում գլխավոր հյուպատոսի գրեթե միաժամանակյա փոփոխությունը հազիվ թե կարելի է «առօրյա կադրային փոխատեղություն» համարել։ Հայաստանի ԱԺ ընտրություններին ընդառաջ Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշատ Մամեդովը «Ջումհուրիեթ»-ին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը գործում են համաձայնեցված, և հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո։
 
Թուրքիայի ոչ պաշտոնական շրջանակներում Մամեդովի այդ միանշանակ պնդումը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Մամուլում և սոցիալական հարթակներում հանդես են եկել մի քանի նախկին դիվանագետներ և դժգոհել, որ Բաքուն «չի կարող Անկարային նախապայմաններ ներկայացնել»։ Բանավեճը, բնականաբար, արձագանք է գտել նաև ադրբեջանական մամուլում, որտեղ Թուրքիային կասկածել են «Ադրբեջանի շահերի շրջանցմամբ Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրության» մեջ։
 
Ռաշադ Մամեդովի հայտարարությունը և թուրք-ադրբեջանական բավական սուր բանավեճը հաջորդել է Եվրոպայի ժողովրդավարական համայնքի Երևանում կայացած գագաթաժողովին Թուրքիայի փոխնախագահ Յըլմազի մասնակցությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչին թուրքական կողմից Հայաստանի ուղղությամբ «որոշ քայլեր են հետևել»։
 
Ադրբեջանի դեսպանը չէր կարող առանց Իլհամ Ալիևի ցուցումի Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները Ադրբեջանի դիրքորոշմամբ պայմանավորելու «խորհուրդ տալ», Թուրքիայի պաշտոնաթող դիվանագետները, ամենայն հավանականությամբ, նրան այդ «ամբարտավան կեցվածքի» համար քննադատել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի «լռեյյայն համաձայնությամբ»։
 
Թուրք-ադրբեջանական «դիվանագիտական միջադեպից» շուրջ երկու ամիս հետո Ալիևը «անհնազանդ» դեսպանին ետ է կանչել և գործուղել Ուզբեկստան։ Դա նշանակում է, որ նա Ռաշադ Մամեդովից դժգոհ չէ։ Ստացվում է, որ վերջինս «անցանկալի էր դարձել» պաշտոնական Անկարայի համար։ Ինչ վերաբերում է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին, ապա այդ պաշտոնից ետ կանչված Նարմինա Մուսատաֆաևան նոր նշանակում դեռևս չի ստացել։ Թուրքիայի քաղաքական-հանրային կյանքում Ստամբուլի ազդեցությունը մեծ է։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունների և Ալիևի դրական վարկանիշի ձևավորման գործում նա «թերացել» է։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 7 անգամ