«Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ». Կոնջորյան
03-08-2026 15:56 Հայաստան Քաղաքականություն
azatutyun.am «Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, նախորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, այսօր պատասխանելով կնոջ աշխատավարձի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի հարցին, հայտարարեց. «Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ»:
«Հայփոստ»-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը», - ասաց Կոնջորյանը:
Նա նշեց, որ իր կինը տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է «Հայփոստ»-ում, եղել է վարչության ղեկավար: «Եղել է մրցույթ, իմ կինը մասնակցելով մրցույթին, ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»:
Շուշան Ալեքսանյանը 2024 թվականի նոյեմբերին դարձել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։
Փաստացի, «Ազատության» հարցումներին «Հայփոստ»-ի և այն կառավարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային: Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը: