ԱԺ-ում շարունակվում է քննարկվել խոսնակի ընտրության հարցը
03-08-2026 12:44 Հայաստան Քաղաքականություն
Ազատություն. Ազգային ժողովում շարունակվում է խոսնակի թեկնածուի պաշտոնի հարցի քննարկումը։ Շարունակվում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների ելույթները, որից հետո տեղի կունենա քվեարկությունը։
ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը: «Ուժեղ Հայաստան»-ից հայտնեցին՝ դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը:
«Քաղաքացիական պայմանագրի» անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ով հայտարարեց, որ միաձայն կողմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը:
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:
Նախօրեին ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն առաջարկով դիմել էր ընդդիմությանը՝ կոտրել ձևավորված համազգային կոնսենսուսը, որ այս խորհրդարանը լինելու է ավելի վատը, քան նախորդը, վեճերի ու վիրավորանքների վայր։
Ռուբինյանը նշել էր՝ դրա պատճառները խորն են, որովհետև ընդդիմությունը թավշյա հեղափոխության արդյունքները չի ընդունել, ինչն ավելի է խորացել 2021-ին:
ԱԺ նախագահի թեկնածուն բարեկիրթ, թեև սուր բանավեճի առաջարկ է արել, նաև կոչ արել սկսել զրոյական կետից:
Երեկ իր ելույթի վերջում Ռուբինյանը հայտարարեց՝ եթե ընդդիմությունն ընդունի իր առաջարկները, իրենք էլ կոռեկտ կաշխատեն, իսկ եթե ոչ, հին մեթոդներին են դիմելու, ՔՊ-ն պատրաստ է դրան՝ «բառիս ամենակոշտ իմաստով»: