Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

03-08-2026 13:51 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
 
ԿԳՄՍ նախարարության կազմակերպմամբ մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև արդեն 4-րդ անգամ անցկացվող բանակային խաղերը:
 
Մրցումներն անցկացվում են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում։ Բանակային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը: 
 
Բանակային խաղերի ծրագրում ներառված են ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևերը:
 
Խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալու միայն 1 մրցաձևում:  
 
Վերջին 5 տարիներին հրաձգության ՀՀ առաջնությունների մասնակիցները չեն կարող մասնակցել բանակային խաղերին: 
 
Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով: 
 
Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ: 
Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվում են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ: 
 
Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:
 
Բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 41 անգամ