Օգոստոսի 4-ին, ժամը 13:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը։ Այն նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Գրիգոր Խանջյանի նկարազարդումների ստեղծման պատմությանը։
Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել և թե ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։
Այս պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք հանդիսանում են ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։
Առաջին անգամ ցուցադրվելու են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզներ և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ , փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման ստեղծագործական ընթացքի մասին։
Ցուցադրության ընթացքում կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։






