Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
03-08-2026 12:13 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Warning: include(pages/inc_image_gallery.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 177
Warning: include(): Failed opening 'pages/inc_image_gallery.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 177
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա վարչապետի աշխատանքային առաջնահերթություններն ուղեկցել է գոհացուցիչ կերպով։ «Եվ այժմ, հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է շարունակենք աշխատանքը՝ առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարն Արայիկ Հարությունյանին հաջողություններ է մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության մեջ և հավելել, որ այն շատ կարևոր է հրապարակային քաղաքական գործչի համար:
Վարչապետը հիշեցրել է, որ Լիլիթ Մակունցը 2018 թվականին եղել է Կառավարության անդամ, զբաղեցրել Մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, այնուհետև՝ Վարչապետի գլխավոր խորհրդական։ «Տիկին Մակունցը հիմա էլ պետք է ղեկավարի Վարչապետի աշխատակազմը, և ես համոզված եմ, որ մեր երկու գործընկերները, ինչպես նախորդ կարգավիճակում, այժմ էլ իրենց շատ էական և տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում»,– ասել է վարչապետը։
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների և համատեղ աշխատանքի ու աջակցության համար։ «Այս տարիների ընթացքում ես անձամբ և աշխատակազմն ամեն ինչ արել ենք, որպեսզի առավել հեշտացնենք վարչապետի աշխատանքը և առաջ տանենք այն հարցերը, որոնք դրվել են աշխատակազմի առաջ։ Կարծում եմ, որ աշխատակազմում ունենք բավականին լավ համակարգ, և դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքված մեր գործընկերներին, յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել այդ գործում։ Վստահ եմ, որ կապահովեն շարունակականությունը։ Մենք անցումային փուլն իրականացրել ենք, և տիկին Մակունցն այս պահին լավ տեղեկացված է գործընթացներից, որոնք տեղի են ունենում, և ես պատրաստ եմ շարունակել աջակցել»,– նշել է Արայիկ Հարությունյանը։
Իր հերթին Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ կանի առավելագույնը՝ վարչապետի ակնկալիքներն արդարացնելու համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Հարությունյանին՝ այս կարգավիճակում իր հաջորդողների համար շատ բարձր նշաձող սահմանելու և այս անցումային փուլում ցուցաբերած աջակցության համար։ Ձեզ լավագույնն եմ մաղթում, նոր հաջողություններ։ Համոզված եմ, որ ցանկացած կարգավիճակում Դուք անգերազանցելի դեր եք ստանձնելու»,– ասել է Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը։ Միաժամանակ, Լիլիթ Մակունցը համոզմունք է հայտնել, որ Վարչապետի աշխատակազմի հետ հետագա աշխատանքը կլինի կառուցողական և արդյունավետ։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում, այն մեծ օրակարգի մեջ է, որն ունեցել են։ «Այդ մեծ օրակարգը ես ձևակերպում եմ՝ որպես Հայաստանի պետականության հարատևության օրակարգ, բայց, իհարկե, առաջիկա հինգ տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ և իր հետ բերում նոր մարտահրավերներ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք նկատել և իրացնել հնարավորությունները և կառավարել մարտահրավերները։ Մենք արդեն փորձառու իշխանություն ենք։ Եվ սա իր հետ բերում է և՛ առավելություններ, և՛ թերություններ։ Առավելությունն այն է, որ կուտակված փորձը, իհարկե, ռեսուրս է, որը պետք է կարողանանք կիրառել: Իսկ թերությունն այն է, որ այս աշխատանքի առօրեական դառնալը կարող է իսկապես որոշակի թմրածություն բերել, և պետք է ամեն ինչ անել՝ այդ թմրածությունից խուսափելու համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կկարողանանք անել, այդ թվում՝ խորհրդարանական գործընկերների աջակցությամբ և անընդհատ վերանայելով մեր աշխատանքը»,– ասել է երկրի ղեկավարը։