Հորմուզի շուրջ նոր համաձայնության նախապատրաստությո՞ւն. ինչո՞ւ ԱՄՆ-ն առկախեց Իրանի դեմ հարձակումները․ Շահան Գանտահարյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հորմուզի շուրջ նոր համաձայնության նախապատրաստությո՞ւն. ինչո՞ւ ԱՄՆ-ն առկախեց Իրանի դեմ հարձակումները․ Շահան Գանտահարյան

28-07-2026 15:53 Լիբանան Հարցազրույցներ
Հորմուզի շուրջ նոր համաձայնության նախապատրաստությո՞ւն. ինչո՞ւ ԱՄՆ-ն առկախեց Իրանի դեմ հարձակումները․ Շահան Գանտահարյան
«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
 
– ԱՄՆ-ն ժամանակավորապես առկախել է Իրանի դեմ լայնածավալ հարձակումները, սակայն միաժամանակ զգուշացնում է, որ դրանք կարող են վերսկսվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
 
– Սա ռազմական ճնշման դադար է, ոչ թե դրա ավարտը։ Վաշինգտոնը գործնականում պահպանում է ուժի կիրառման սպառնալիքը՝ այն դարձնելով բանակցային լծակ։ Այս մարտավարությունը նոր չէ․ նախ բարձրացվում է լարվածության աստիճանը, ապա ստեղծվում է բանակցային պատուհան՝ առավել նպաստավոր պայմաններով բանակցելու համար։
 
– Ի՞նչն է այս փուլում ամենաուշագրավը։
 
– Ամենակարևոր հանգամանքն այն է, որ լայնածավալ հարձակումների առկախումը ժամանակային առումով համընկնում է Թեհրան–Մասկատ բանակցությունների մեկնարկի հետ։ Թեև պաշտոնական մակարդակով բանակցությունների օրակարգը չի հրապարակվում, այդ համընկնումը դժվար է պատահական համարել։ Այն հուշում է, որ ռազմական ճնշումն ու դիվանագիտական գործընթացը մեկ ընդհանուր ռազմավարության բաղադրիչներ են։
 
– Ինչո՞ւ հենց Օմանն է հայտնվել այս գործընթացի կենտրոնում։
 
– Օմանը վաղուց արդեն վստահելի հաղորդակցման հարթակ է ԱՄՆ-ի և Իրանի համար։ Մինչ տարածաշրջանային պատերազմի սրացումը այն միջնորդում էր հատկապես միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում՝ աստիճանաբար ստանձնելով այն դերը, որը նախկինում ավելի շատ վերապահված էր Կատարին։ Այսօր, սակայն, Օմանի դերը, ըստ երևույթին, փոխվում է։ Այն այլևս միայն միջնորդ չէ, այլ կարող է դառնալ անմիջական շահագրգիռ կողմ։
 
– Դա ինչի՞ հետ է կապված։
 
– Ամենայն հավանականությամբ՝ Հորմուզի նեղուցի հետ։ Օմանի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է առանցքային դերակատար այդ ռազմավարական անցուղու կառավարման ցանկացած նոր համակարգում։ Եթե այսօր բանակցություններ են ընթանում հենց Մասկատում, ապա դժվար է ենթադրել, որ Հորմուզի հարցը դրանց առանցքում չէ։
 
– Սակայն մինչ պատերազմը Հորմուզը բնականոն էր գործում։ Ի՞նչ է փոխվել։
 
– Հենց դա է հիմնական հարցը։ Նախկինում Իրանի և Օմանի միջև Հորմուզի շահագործման շուրջ խնդիր չկար։ Եթե այսօր այդ թեման դարձել է բանակցությունների առարկա, ապա կարելի է ենթադրել, որ քննարկվում է ոչ թե նեղուցի բաց կամ փակ լինելու հարցը, այլ դրա ապագա կառավարման համակարգը։ Խոսքը կարող է վերաբերել վերահսկողության, նավարկության անվտանգության, ֆինանսական կամ մաքսային նոր մեխանիզմների ձևավորմանը։
 
– Այսինքն՝ կարո՞ղ է ձևավորվել Հորմուզի նոր կարգավիճակ։
 
– Այո, նման հավանականությունը չի կարելի բացառել։ Նոր կարգավիճակը ենթադրում է նոր պայմանավորվածություններ, նոր դերաբաշխում և նոր պատասխանատվություններ։ Այդ դեպքում Օմանը կարող է ստանալ ավելի մեծ գործառույթներ՝ դառնալով ոչ միայն միջնորդ, այլև կառավարման կամ վերահսկողության համակարգի մասնակից։
 
– Իսկ ո՞վ կարող է դառնալ այդ համակարգի երաշխավորը։
 
– Եթե ստեղծվում է նոր համակարգ, ապա անհրաժեշտ են նաև դրա իրականացման երաշխիքներ։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ քննարկվում է նաև երաշխավոր կամ վերահսկող դերակատարի հարցը։ Առանց նման մեխանիզմի երկարաժամկետ համաձայնության հասնելը դժվար կլինի։Դա արդեն ենթադրում է ԱՄՆ-ի ներգրավումը Հորմուզի նոր կարգավիճակում։
 
– Կարելի՞ է ասել, որ Թրամփի որոշումը հենց այս բանակցություններին հնարավորություն տալու նպատակ ունի։
 
– Դա ամենահավանական բացատրություններից մեկն է։ Եթե Թեհրանը համաձայնել է սկսել բանակցություններ Օմանի հետ, ապա Վաշինգտոնը կարող էր ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ գնահատելու, թե որքանով են կողմերը պատրաստ շարժվելու փոխզիջման ուղղությամբ։ Սակայն ուժի կիրառման սպառնալիքը պահպանվում է՝ որպես բանակցային ճնշման հիմնական գործիք։
 
– Այս փուլը կարելի՞ է համարել բեկումնային։
 
– Դեռևս ոչ։ Սա անցումային փուլ է։ Հարձակումների առկախումը չի նշանակում զինադադար, ինչպես բանակցությունների մեկնարկը չի նշանակում համաձայնություն։ Կողմերը դեռ փորձում են առավել շահավետ դիրքերից ձևավորել ապագա պայմանավորվածությունների շրջանակը։ Եթե ներկայիս բանակցությունները կենտրոնացած են Հորմուզի շուրջ, ապա դրանց արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն Իրան–ԱՄՆ հարաբերությունների, այլև ամբողջ  ծոցի անվտանգության և համաշխարհային էներգետիկ հաղորդուղիների ապագայի վրա։
 
 
 
Նոյյան տապան   |   Հարցազրույցներ

Կարդացել են 21 անգամ