2020-2026 թվականների առաջին կիսամյակում բուժում է ստացել կամ բուժման փուլում է գտնվում վիրուսային հեպատիտով 4582 պացիենտ
28-07-2026 12:10 Հայաստան Առողջապահություն
Վիրուսային հեպատիտների կանխարգելումն ու վերահսկումն առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից է։ 2020 թվականից առողջապահության նախարարությունն իրականացնում է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագիրը», որի շրջանակում շարունակաբար ընդլայնվում են հիվանդության վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման հնարավորությունները։
«Ծրագրի շրջանակում 2020-2026 թվականների առաջին կիսամյակում բուժում է ստացել կամ բուժման փուլում է գտնվում 4582 պացիենտ։ Պացիենտներին տրամադրվում են ժամանակակից հակավիրուսային դեղեր՝ անվճար և ամբողջական բուժման կուրսով, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող և զուգակցված վարակներ ունեցող անձանց։
2022 թվականից ներդրվել է նոր սերնդի «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» դեղամիջոցով բուժման նոր մոտեցումը: Այն կիրառվում է հեպատիտ Ց-ի բոլոր գենոտիպերի դեպքում, ունի բարձր արդյունավետություն և հնարավորություն է տալիս նվազեցնել պացիենտների ֆինանսական բեռը։
Ծրագրի արդյունավետության արդյունքում վաղ հայտնաբերված դեպքերում արձանագրվում է շուրջ 96% առողջացում։ 2020-2026 թվականներին բուժում ստացած պացիենտներից շուրջ 4399-ը լիովին ապաքինվել են։
Հայաստանում շարունակվում են նաև վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման միջոցառումները։ Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ հատկապես երեխաների շրջանում արձանագրվել է հիվանդացության զգալի նվազում։ Վերջին տարիներին մինչև 18 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի սուր դեպքեր չեն գրանցվել։
Հուլիսի 28-ին նշվող Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընդգծում է վիրուսային հեպատիտների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման հասանելիության կարևորությունը։
Շարունակվում է պետական մակարդակով հետևողական քայլերի իրականացումը` որպես հանրային առողջապահության խնդիր վիրուսային հեպատիտները կանխարգելելու, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ապահովելու և քաղաքացիներին արդյունավետ բուժումը հասանելի դարձնելու ուղղությամբ»: