Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
28-07-2026 13:50 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ըստ ԶԼՄ-ների՝ Ավետ Կոնջորյանը մի քանի անգամ անցել է Նաիրի Հակոբյանի տան մոտով և հայհոյանքներ հնչեցրել։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
«Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ երեկ ԶԼՄ-ները գրել էին, Հայկ Կոնջորյանի եղբորը Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է. խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։