Johnson & Johnson-ը պատրաստ է 5,5 մլրդ դոլար վճարել տալկ պարունակող մանկական փոշու գործով
Noyan Tapan
AM RU EN WA FR

Johnson & Johnson-ը պատրաստ է 5,5 մլրդ դոլար վճարել տալկ պարունակող մանկական փոշու գործով

28-07-2026 15:30 Ի՞նչ է գրում մամուլը
Johnson & Johnson-ը պատրաստ է 5,5 մլրդ դոլար վճարել տալկ պարունակող մանկական փոշու գործով
auroranews.am  Johnson & Johnson ընկերությունը համաձայնել է մինչև 5,5 միլիարդ դոլար վճարել՝ ԱՄՆ-ում ներկայացված տասնյակ հազարավոր դատական հայցերը կարգավորելու նպատակով։ Հայցվորները պնդում են, որ Johnson's Baby Powder մանկական փոշին և տալկ պարունակող այլ արտադրանքները կարող են առաջացնել ձվարանների քաղցկեղ։
 
Ընկերության դատական հարցերով փոխնախագահ Էրիկ Հաասը մեղադրանքներն անվանել է անհիմն՝ նշելով, որ Johnson & Johnson-ը վստահ է, որ դատարաններում ի վերջո կհաղթեր, սակայն փոխհատուցման առաջարկը հնարավորություն կտա փակել այս երկարատև վեճը և կենտրոնանալ կյանք փրկող դեղերի ու բժշկական սարքերի մշակման վրա։
 
Ընկերության տվյալներով՝ համաձայնագիրը կներառի շուրջ 76 հազար դեռևս չլուծված գործ։ Նախատեսվում է հաջորդ տարի վճարել մինչև 3 միլիարդ դոլար, իսկ մինչև 2028 թվականը լրացուցիչ վճարումներ չեն նախատեսվում։
 
Համաձայնությունն ուժի մեջ կմտնի, եթե այն ընդունեն այն իրավաբանական ընկերությունները, որոնք ներկայացնում են ձվարանների քաղցկեղի վերաբերյալ հայցերի 95 տոկոսի շահերը։
 
Հուլիսի սկզբին դատարաններից մեկը որոշում էր կայացրել հօգուտ Johnson & Johnson-ի՝ կասկածի տակ դնելով այն պնդումը, որ հենց տալկն է եղել քաղցկեղի անմիջական պատճառը։
 
Տալկը բնական հանքանյութ է, որը լայնորեն օգտագործվում է կոսմետիկայում և մանկական փոշիների արտադրությունում։ Այն հաճախ արդյունահանվում է ասբեստի հարևանությամբ, իսկ ասբեստը հայտնի է որպես քաղցկեղածին նյութ։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 6 անգամ