ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
28-07-2026 15:10 Քաղաքականություն
1in.am Մենք անհանգստացած ենք, որ Վրաստանի կառավարությունը ստեղծել է Ատելության խոսքի դեմ պայքարի վարչություն, կեղծիքի և սխալ հայացքների ամենալավ պատասխանը խոսքի ավելի լայն ազատությունն է, այլ ոչ թե լռության պարտադրումը։ Լրագրող Վախա Սանայայի նկատմամբ տասնչորսօրյա վարչական կալանք կիրառելու մասին դատարանի վճռին այսպես է արձագանքել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Սանայայի նկատմամբ վճիռ է կայացրել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է մուծել Վրաստանի խորհրդարանի նախագահ Պապուաշվիլիին սոցիալական ցանցերում «վիրավորելու» համար սահմանված 600 լարի տուգանքը։ Դատական նիստին լրագրողը չի մասնակցել, իսկ ավելի վաղ հայտարարել է, որ «դատարանի որոշումը չի հետաքրքրում», և ինքը «եթերում ու սոցիալական ցանցերում ասելու, գրելու է այն, ինչ անհրաժեշտ է, ոչ ոք չի կարող մարդուն լռեցնել»։
Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը «Ազատություն» ռադիոկայանի պնդրանքով պարզաբանել է, որ Թրամփի վարչակազմը Վրաստանի իշխանություններին «պարզորոշ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոսքի ազատությունը համարում է հանրության կենսագործունեության ֆունդամենտալ հիմք և վճռականապես դեմ է գրաքննությանը և սահմանափակող օրենքներին, որոնք օգտագործվում են, որպեսզի անցանկալի հայացքներ ունեցող մարդկանց հարկադրեն լռել»։
Ըստ այդմ, «քաղաքական կայունությունը, տարբեր հայացքների լայն ներկայացվածության ապահովումը այն գործոններն են, որ Վրաստանը դարձնում են ամերիկյան ներդրումների, անվտանգության ոլորտի և երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հուսալի գործընկեր»։
Փաստացի Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի իշխանություններին «անցանկալի հայացքներ ունեցող մարդկանց լռեցնելու նպատակով խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ և պետական կառավարման համակարգում գրաքննության մարմին ստեղծելու» մեջ, իսկ վրաց-ամերիկյան հետագա ռազմավարական համագործակցությունը պայմանավորել «խոչընդոտների վերացմամբ»։
Անցած հունիսին ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը եռօրյա այցով գտնվել է Թբիլիսիում։ Կար տպավորություն, որ, ի տարբերություն Եվրամիության, Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարության առջև ժողովրդավարության և մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ապահովման խնդիրներ չի առաջադրում։ Անկասկած, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան կոշտ արձագանքի համար լրագրող Վախա Սանայայի նկատմամբ վարչական կալանքի որոշումը միայն առիթ է։ Երևում է, Վաշինգտոնը և Թբիլիսին առանցքային հարցերում համաձայնության չեն եկել։ Որքանո՞վ է դա պայմանավորված ռուս-վրացական և վրաց-չինական հարաբերություններով, մնում է ենթադրել։