Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

28-07-2026 12:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ 
 
«ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները:
 
Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։
 
Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։
Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր»:
 
ՊԵԿ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 6 անգամ