Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
28-07-2026 11:20 Քաղաքականություն
1in.am Հուլիսի 27-ին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ այն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական որևէ տեղաշարժի կամ դրա հնարավորության հեռանկար չի հուշում։ Բավական է համեմատել հեռախոսազրույցի մասին կողմերի տարածած պաշտոնական տեղեկատվությունը, որպեսզի համոզվենք, որ չորսամսյա դադարից հետո շփում տեղի է ունեցել, բայց Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները չեն փոխվել։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»,- ասված է Հայաստանի կառավարության հաղորդագրության տեքստում։
Ռուսաստանի տարածած տեղեկատվությունը նախ ընդգծել է, որ հեռախոսազրույցը «անցել է հայկական կողմի նախաձեռնությամբ», ապա անդադարձել «կար- ժամանակում Հայաստանում ԵՄ մտնելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությանը»։ Ընդսմին, շեշտվել է, որ «Վլադիմիր Պուտինը հաստատել է ԵԱՏՄ գագաթաժողովում Եվրամիություն մտնելու ուղղությամբ Հայաստանի գործողությունների վերաբերյալ․․․ ընդունված հայտարարությանը հավատարմությունը»։
Հայաստանի նորընտիր խորհրդարանը մի քանի օրից կմտնի լիազորությունների մեջ, կձևավորվի նոր կառավարություն, որ պետք է ներկայացնի առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիր։ Այս իրավիճակում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել, Հայաստանի կառավարությանը հաջողություն չի մաղթել, երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման մասին որևէ պատրաստակամություն չի հայտնել։ Այդ մասին խոսել է միայն Նիկոլ Փաշինյանը։
Հունիսի 7-ից հետո Հայաստանի ռուսաստանամետ ընդդիմությունը հայտնվել է շատ բարդ կացության մեջ։ Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի կոշտ, անզիջում տոնայնությունը, թերևս, ազդակ է, որպեսզի ընդդիմությունը խորհրդարանի առաջին իսկ նիստերից վերստին «բարձր նշաձող սահմանի» և փորձի վերականգնել ընտրազանգվածի վստահությունը։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը լինելու է ընդդիմության գլխավոր «հաղթաթուղթը»։
Բացառված չէ, որ ընդդիմությունը ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց նախաձեռնի։ Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը այդ հնարավորությունը վերստին պայմանավորել է Եվրամիության անդամության հայտ ներկայացնելու հետ։ Ռուսաստանը «պահանջում է կողմնորոշվել հնարավորինս արագ»։ Ընդդիմությունը, երևի, դա կընդունի որպես «հանձնարարական»։ Հանրաքվեի նախաձեռնությունը օրինականացնելու համար պետք է 300 հազար ընտրողի ստորագրություն ունենալ։
Շատ հավական է, որ Պուտինին հետաքրքրում է ոչ այնքան ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ-չմնալու, որքան հունիսի 7-ի ընտրության արդյունքները որեւէ ձևով «չեղարկելու հնարավորության» հարցը։ Նա, գուցե, կարծում է, որ Օմսկում Ղազախստանի նախագահից «սառը ցնցուղը» կարելի է փոխհատուցել երևանյան «թեժ աշունով»։