Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

25-07-2026 10:43 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել
azatutyun.am  ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբան Էմին Խաչատրյանը:
 
Նա հայտնել է, որ գործը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատի հետ: Նախօրեին Քննչական կոմիտեն հայտնել էր կոմբինատի տնօրենի ձերբակալության մասին:
 
«Սա ավելի զավեշտալի դեպ է, որովհետև կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իր բիզնեսները հանձնել է կառավարման, ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առ այսօր չունի», - նշեց փաստաբանը:
 
Գագիկ Ծառուկյանն ինքն էր դեռ 2019-ին հայտարարել, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում: Ծառուկյանի խոսքով՝ դրանք հանձնել է հավատարմագրային կառավարման, իր գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն։
 
Կալանավորված Գագիկ Ծառուկյանն Քննչական կոմիտեում էր. նրան երրորդ անգամ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հարցաքննության էին բերել: Փաստաբանի փոխանցմամբ տեղի է ունեցել երկու առաերեսում.
 
«Նախորդ առերեսման շարունակությունը, լրացուցիչ առերեսում և Իրանի Իսլամական հանրապետության երկու եղբայրների հետ առերեսումներ», - ասաց Խաչատրյանը:
 
Դատախազությունն ավելի վաղ դադարեցրել է ընտրություններից երկու օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. ինչպես փոխանցեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանը, «ապօրինի լինելու հիմքով»:
 
Կալանավորված Գագիկ Ծառուկյանն այժմ մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 22 անգամ