ՀԾԿՀ-ն կատարելագործում է էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները
29-07-2026 17:09 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը:
Մասնավորապես՝
•վերանայվել է բեռնաթափման համակարգային ծառայության հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով դրա հաշվարկման նոր մոտեցում գնման երաշխիք ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող էլեկտրակայանների համար,
•հստակեցվել են Համակարգի օպերատորի լիազորություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ կարգադրությունների տրամադրման, փոփոխման և չեղարկման մասով,
•պարզեցվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության և շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցման ընթացակարգերը՝ վերացնելով մի շարք վարչարարական պահանջներ և հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
•երկարացվել են մեծածավալ հայտերի ուսումնասիրման ժամկետները, եթե դրանք ներառում են 100-ից ավելի հաշվառման համալիր,
•մատակարարման պայմանագրերի լուծման համար սահմանվել է միասնական՝ 30-օրյա նախազգուշացման ժամկետ,
•հստակեցվել են էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարբեր կետերում գործունեության իրականացման կարգավորումները, ինչպես նաև մրցակցային շուկա սպառողների պարտադիր մուտքի ժամկետները,
•կատարելագործվել են վճարումների և ֆինանսական երաշխիքների հետ կապված կարգավորումները, ներառյալ երաշխիքների իրացման ընթացակարգերը,
Ընդունված փոփոխությունները միտված են բարձրացնելու էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության արդյունավետությունը, ապահովելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորումներ, նվազեցնելու վարչարարական բեռը և նպաստելու շուկայի բնականոն զարգացմանը։
Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 1-ից։