Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է
29-07-2026 17:16 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը 202 6թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին:
Ըստ այդմ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Lori Peak միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։
Տեսչական մարմնի տեսուչները, անմիջապես արձագանքելով ահազանգին, նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել Lori Peak հանրային սննդի օբյեկտում: Առկա կերակրատեսակներց կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության:
Արդյունքները կհրապարակվեն:
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ,
խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, չեն պահվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանների, սառնարանի դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, մաքրվող, ախտահանվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: