Խորհրդարանը քննարկել է ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Խորհրդարանը քննարկել է ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

03-07-2026 15:44 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Խորհրդարանը քննարկել է ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարեւոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ քննարկման ներկայացնելով ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
 
Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականին: Նախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնության հիմնադիր անդամ է, որին հետագայում միացել են այլ երկրներ՝ բացի հիմնադիր անդամներից:
 
Դաշինքը համագործակցության հարթակ է, որի նպատակն է աջակցել մշակութային ժառանգության պահպանության եւ օգտագործման կարողությունների զարգացմանը, խթանել ժողովուրդների միջեւ կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը:
 
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հունվարի 22-ին վավերացրել է դաշինքի կանոնադրության սկզբնական տարբերակը: Կազմակերպության խորհրդի 2-րդ նիստի ընթացքում հաստատվել է կազմակերպության կանոնադրության փոփոխությունը, ըստ որի՝ փոփոխման է ենթարկվել կառույցի կարգավիճակը՝ վերածվելով միջազգային միջկառավարական կազմակերպության: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերահաստատելու Հայաստանի` դաշինքին անդամակցությունը:
 
Հիմնական զեկուցողը նշել է, որ նախարարությունը դաշինքին ներկայացրել է դրամաշնորհային հայտեր, եւ Հայաստանն արդեն ստացել է շուրջ 32 մլն դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի եւ Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում ու պահպանում» ծրագրի իրականացման համար:
 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
 
Հարցն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել է հուլիսի 3-ին եւ ընդունվել:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 111 անգամ