Պետության կողմից նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով.Կամո Արեյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Պետության կողմից նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով.Կամո Արեյան

30-11--0001 00:00 Հայաստան Տնտեսություն
Պետության կողմից նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով.Կամո Արեյան
 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում 2014 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել  2015թ. նախատեսված ծրագրերի մասին: Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ Կամո Արեյանը մայրաքաղաքի համար որպես կարևորագույն ձեռքբերում առանձնացրել Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող արագընթաց նոր մայրուղու շահագործումը: 
«Դեռևս 1970-ական թվականներից գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհն ի վերջո այս տարի իրականություն դարձավ: Մայրուղին առանցքային դեր է կատարում մայրաքաղաքի ճանապարհաշինության և կենտրոնի երթևեկի բեռնաթափման առումով:   Ավտոճանապարհը կունենա նաև իր շարունակությունը դեպի Արշակունյաց պողոտա»,-ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը՝ առանցքային համարելով  նաև Վիլնյուսի փողոցի շարունակությունը հանդիսացող՝ Նորքի 8-րդ զանգվածը 9-րդին կապող ճանապարհահատվածի կառուցումը: Այս տարի առանձակի ուշադրություն է դարձվել մի շարք խաչմերուկների վերակառուցմանը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի հետ կապված՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտված են: Հետագայում նախատեսվում է այն միացնել Արտաշատի խճուղուն:
«2014 թվականին Ճանապարհաշինական ծրագրերով մայրաքաղաքում շուրջ 6.5 կմ նորաստեղծ ճանապարհահատվածներ ու կամրջային հատվածներ ունեցանք: Վերջին 5-6 տարիների ընթացքում սա աննախադեպ  ցուցանիշ է»,-ընդգծել է Կամո Արեյանը: 
Այս տարի իրականացվել է շուրջ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանք, որի շրջանակում հիմնանորոգվել է 23 փողոց: Քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝  նշված փողոցներից միայն 2-ն են Կենտրոն վարչական շրջանում: Ասֆալտապատվել են նաև տասնյակ բակային տարածքներ ու նախկին գրունտային ճանապարհներ: Իրականացվել են շուրջ 20 հազար քմ մայթերի սալիկապատման աշխատանքներ: Կամո Արեյանն առանձնացրել է նաև մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև փողոցների հիմնանորոգման ծրագրերով կառուցվել է 662 թեքահարթակ՝ նախորդ տարվա 380-ի համեմատ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու աշխատանքների մասով Կամո Արեյանն առանձնացրել է հասարակական տրանսպորտը հարմարեցնելու նպատակով հատուկ վերելակների ներկրումը, որոնք, ի դեպ, շուտով կլինեն Երևանում, ինչպես նաև խաչմերուկներին ձայնաազդանշանային սարքերի տեղադրումը: 
4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարններով ապահովելու համար շարունակվել է այդ նպատակով կառուցվող շենքերի շինարարությունը: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2015 թվականին:
«2015 թվականին սա մեր կարևորագույն ծրագրերից մեկն է, որով ամբողջությամբ կլուծվի ներկայում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչների վերաբնակեցման հարցը:  Շահագործման կհանձնվի այդ նպատակով կառուցվող միանգամից չորս շենք: Միաժամանակ պետք է նշեմ, որ աշխատանքներ ենք տանելու նաև 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացման ուղղությամբ»,- ընդգծել է Կամո Արեյանը:  Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին խոսելով՝ ներկայացվել են հարթ և թեք տանիքների, շքամուտքերի, վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Նախորդ տարվա ծավալների համեմատությամբ նշվել է, որ 2013-ի  44 շենքում 76 շքապատշգամբների  վերանորոգման փոխարեն այս տարի 93 շենքի 200 շքապատշգամբ է նորոգվել:  
«Մենք բազմիցս շեշտել ենք, որ պատշգամբները բնակիչների բաժնային սեփականություն  են, և Երևանի քաղաքապետարանը դրանց վերանորոգման մասով որևէ պարտավորություն չունի: Սակայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու նաև սոցիալական բաղադրիչը, աշխատանքներն իրականացվեցին համայնքային բյուջեի միջոցներով»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Բակերի բարեկարգման ծրագրի հետ կապված նշվել է, որ այս տարի, ինչպես և նախապես քաղաքապետի կողմից հայտարարվել էր, բակային 600 տարածք է ամբողջությամբ բարեկարգվել և համապատասխան գույքով կահավորվել: Ապահովվել է նաև արտաքին  լուսավորությունը: Ի դեպ, քաղաքապետարանի ծրագրերով արտաքին լուսավորությամբ են ապահովվել մայրաքաղաքի նախկինում լուսավորության ցանց չունեցող թվով 24 փողոցներ: 
Քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, այդ թվում  գրադարանների, արվեստի և երաժշտական  դպրոցների վերանորոգման ծրագրի մասով նշվել է, որ 2014 թվականի հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էր 57 օբյեկտ: Ծրագիրը շարունակական կլինի նաև 2015-ին:  
Անդրադառնալով բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքներին՝ Կամո Արեյանը նշել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը հասել է 855 հեկտարի՝  5 հեկտարով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով տնկվել է 60 հազար ծառ և թուփ՝ 2013-ի 38 հազարի համեմատ: Ավելացել են նաև ծաղկային ձևավորմամբ տարածքները: Ոռոգման համակարգն ընդլայնվել է 20 կմ-ով: 
«Եթե 2012 թվականին ընդամենը 5 հեկտար էին կազմում նորաստեղծ կանաչապատ հանգստի գոտիները, ապա միայն այս տարի նախկինում անխնամ ու անուշադրության մատնված 12 հեկտար տարածքների տեղում ստեղծվել են նոր այգի-պուրակներ: Ընդ որում, մեզ համար առաջնային էր, որպեսզի դրանք լինեն վարչական տարբեր շրջաններում և հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-նկատել է քաղաքապետի առաջին տեղակալը:
Սոցիալական ապահովության ոլորտի անցնող տարվա աշխատանքներին անդրադառնալով՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ պետության կողմից նախատեսված  բոլոր  ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով: Համայնքային բյուջեով իրականացվել է սոցիալական աջակցության 17 ծավալուն ծրագիր: Այստեղ առանձնացվել է երևանաբնակ զինծառայողների ծնողների այցերի կազմակերպումը  սահմանամերձ զորամասեր: 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

Կարդացել են 2548 անգամ