Վաշինգտոնը փորձում է փոխհակակշռել Իսրայելին և Թուրքիային. Շահան Գանտահարյան
Noyan Tapan
AM RU EN WA FR

Վաշինգտոնը փորձում է փոխհակակշռել Իսրայելին և Թուրքիային. Շահան Գանտահարյան

17-07-2026 21:56 Լիբանան Մեկնաբանություն
Վաշինգտոնը փորձում է փոխհակակշռել Իսրայելին և Թուրքիային. Շահան Գանտահարյան
«Վաշինգտոնը փորձում է փոխհակակշռել Իսրայելին և Թուրքիային». ի՞նչ ուղերձներ են թաքնված վերջին հայտարարությունների հետևում
«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
 
– Ի՞նչ հիմնական ուղերձներ է պարունակում Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ ԱՄՆ իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո։
 
– Հայտարարությունն առնվազն երկու շերտ ունի։ Առաջինը քաղաքական է։ Թել Ավիվը փորձում է չեզոքացնել այն գնահատականները, թե Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև այս փուլում տարաձայնություններ կան։ Հեռախոսազրույցի մասին հրապարակումն ընդգծում է, որ Իրանում ամերիկյան ռազմական գործողությունները և Իսրայելի գործողությունները Սիրիայում, Գազայում ու Լիբանանում ներկայացվում են որպես փոխկապակցված և համակարգված գործընթացներ։
 
– Իսկ ո՞րն է հայտարարության ամենակարևոր մասը։
 
– Ամենաէականը երկրորդ հատվածն է, որտեղ Իսրայելի պաշտպանության նախարարը փաստացի հայտարարում է, որ Իսրայելը մտադիր չէ դուրս գալ Սիրիայի, Գազայի և Լիբանանի անվտանգության գոտիներից։ Սա պարզապես իրավիճակի նկարագրություն չէ, այլ քաղաքական ուղերձ, որ ներկայությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ ռազմավարության մաս։
 
– Սակայն ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է հեռանա Սիրիայից և Լիբանանից։ Հակասությո՞ւն կա։
 
– Այստեղ հետաքրքիր նրբերանգ կա։ Թրամփի վերջին հայտարարության մեջ նախկին ձևակերպումը փոխվել է։ Եթե նախկինում խոսվում էր Իսրայելի դուրսբերման մասին, ապա այժմ օգտագործվում է «վերատեղակայում» եզրույթը։ Նա նաև նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կստանձնի «Հըզբոլլահի» հարցով զբաղվելը՝ ոչ իսրայելական և ոչ ռազմական մեթոդներով, իսկ Իսրայելը կարող է վերատեղակայել իր ուժերը՝ կենտրոնանալով Իրանի ուղղությամբ։
 
– Ի՞նչ քաղաքական նշանակություն ունի «դուրսբերում» և «վերատեղակայում» ձևակերպումների տարբերությունը։
 
– Դա պարզապես բառերի փոփոխություն չէ։ «Դուրսբերումը» ենթադրում է տարածքի ամբողջական լքում, մինչդեռ «վերատեղակայումը» նշանակում է ուժերի տեղաշարժ՝ առանց պարտադիր կերպով տվյալ տարածքից լիարժեք հեռանալու։ Սա նաև համահունչ է Վաշինգտոնի դիրքորոշմանը, որը խոսում է վերատեղակայման մասին, մինչդեռ Լիբանանը շարունակում է պահանջել իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում։
 
– Իսկ Սիրիայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունն ինչպե՞ս պետք է մեկնաբանել։
 
– Այստեղ արդեն խոսքը ոչ թե առաջարկի, այլ կանխորոշված սցենարի մասին է։ Երբ Թրամփն ասում է, որ Սիրիայի նախագահը կստանձնի «Հըզբոլլահի» հարցով զբաղվելը, տպավորություն է ստեղծվում, որ նման դերաբաշխման շուրջ արդեն որոշակի պայմանավորվածություն կա։
 
– Որտե՞ղ կարող էր ձևավորվել այդ պայմանավորվածությունը։
 
– Եթե նման համաձայնություն իսկապես գոյություն ունի, ապա ամենահավանական հարթակը Միացյալ Նահանգներ–Թուրքիա շփումների գիծն է։ Սա դեռևս հրապարակային հաստատում չունի, սակայն տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունն այդպիսի եզրակացության տեղիք է տալիս։
 
– Ի՞նչ նշանակություն ունի այն, որ Իսրայելը նույն հարթության վրա է դնում Գազան, Սիրիան և Լիբանանը։
 
– Դա անվտանգության միասնական գոտու ընկալում է։ Իսրայելը երեք ուղղություններն էլ ներկայացնում է որպես մեկ ռազմավարական տարածք։ Հատկանշական է, որ այս մոտեցումը հնչեցվում է ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ հեռախոսազրույցի համատեքստում, սակայն այն նաև արձագանք է Թուրքիայի նախագահի ավելի վաղ հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Գազայից, Սիրիայից և Լիբանանից։
 
– Այսինքն՝ Իսրայելն ու Թուրքիան նույն տարածաշրջա՞նն են դիտարկում որպես իրենց անվտանգային միջավայր։
 
– Այո՛։ Երկու պետություններն էլ Գազա–Սիրիա–Լիբանան եռանկյունին ընկալում են որպես իրենց անվտանգության անմիջական գոտի։ Հենց այստեղ էլ առաջանում են շահերի բախումները։ Իսկ Վաշինգտոնը փորձում է պահպանել հավասարակշռությունը՝ մի կողմից սահմանափակելով հակասությունների խորացումը, մյուս կողմից՝ տարբեր իրավիճակներում կիրառելով «դուրսբերում» և «վերատեղակայում» տարբեր ձևակերպումները։
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

 

 

Կարդացել են 12 անգամ