Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
18-07-2026 10:15 Քաղաքականություն
1in.am Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ավարտվել է համատեղ մամուլի ասուլիսով։ Մինչ այդ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են վարել դեմ առ դեմ, ապա՝ պատվիրակությունների ձեւաչափով։ Կողմերից ի՞նչ մակարդակի պաշտոնյաներ են մասնակցել «ընդլայնված քննարկումներին», առայժմ հայտնի չէ։
Դատելով մամուլի ասուլիսին հնչեցված հայտարարություններից, կողմերը երկու նախնական պայմանավորվածության են հասել։ Սեպտեմբերին նախատեսվում է փոխվարչապետներ Օվերչուկի և Մուստաֆաևի գլխավորությամբ անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, իսկ դեկտեմբերին պետական դումայում կհյուրընկալեն Միլլի մեջլիսի պատվիրակությանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը այդ առթիվ հիշեցրել է, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է անցած ապրիլին։ Այդ միջոցառման առանձնահատկությունը այն է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպել է Ջեբրայիլի շրջանում՝ խորհրդանշելով «ազատագրված տարածքների վերականգնմանը» Ռուսաստանի մասնակցությունը և ռուս-իրանական ռազմավարական գործընկերությանը ներգրավվելու «ադրբեջանական կողմի պատրաստակամությունը»։
Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հաջորդ նիստի մասին կողմերը նախնական պայմանավորվածության են եկել Իրանում և նրա շուրջ լարված իրավիճակում և ռուս-ամերիկյան «դիվանագիտական սառնության» պայմաններում։
Այս առումով խիստ ուշագրավ է, որ Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովին ուղղվել է ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարց, ինչին Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել է, որ Վլադիմիր Պուտինը «Ալյասկայոում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունները, Թրամփին այդ առաջարկություններից փորձում են ետ քաշել նրա եվրոպացի դաշնակիցները, և, իհարկե, պարոն Զելենսկին»։
Հուլիսի 13-ին Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիից ուկրաինացիներին կոչ է արել «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»։ Դա այն է, ինչ անում են Ուկրաինայի եվրոպացի գործընկերները։ Իսկ Ռուսաստանը, ըստ Լավրովի, «շարունակելու է այն աշխատանքը, որ սկսել է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր փորձերի ձախողումից հետո»։
Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Բայրամովը Մոսկվայից «անմիջապես հետո այցելելու է Կիև»։ Այս համատեքստում ուկրաինական պատերազմը «մինչև հաղթական ավարտ» շարունակելու մասին Լավրովի հայտարարությունը հնչել է, կարծես, որպես Բաքվին զգուշացում։ Ինչպե՞ս այն կընկալի Ալիևը, պարզ կլինի մոտ ապագայում, եթե Բայրամովը իրոք մեկնի Կիև, ուրեմն Ալիևը «ընդունել է Պուտինի մարտահրավերը»։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244