Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
17-07-2026 13:00 Քաղաքականություն
1in.am Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Կիև այցի մասին հրապարակային տեղեկությունները սուղ են։ Ոչ պաշտոնապես, մինչդեռ, հայտնի է դարձել, որ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները համաձայնության եկել, որ հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության «ռազմածովային բաղադրիչը կիրականացնի Թուրքիան»։
Փաստացի դա նշանակում է, որ Թուրքիային վերապահվում է Սև ծովում նավագնացության անվտանգության հետ կապված հարցերում «կոորդինատորի դեր», և կողմերի ռազմական գերատեսչությունները «արդեն ապագա համագործակցության տեխնիկա-մարտավարական ծրագրեր են մշակում»։ Ըստ տեղեկությունների, Կիևում Ֆիդանը կրկին հաստատել է, որ Թուրքիան «չի ճանաչում Ղրիմի ապօրինի անեքսիան, սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, շարունակում է պաշտպանել Ղրիմի թաթարների և թերակղզու բնիկ այլ ժողովուրդների իրավունքները»։
Այս հայտարարությունները հատկապես ուշագրավ են ադրբեջանական մամուլի այն տեղեկատվության համատեքստում, որ Մոսկվայում ՌԴ պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը կայցելի Կիև։ «Մոսկվան պետք է հաշտվի իրողության հետ: Ադրբեջանը իրավունք ունի Ուկրաինայի հետ հարաբերությունները զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»,- պաշտոնական Բաքվի դիրքորոշումը այսպես է ձևակերպել իշխանական minval politika-ն։
Փաստացի Բայրամովը կրկնում է Ֆիդանի դիվանագիտական «ճամփորդությունը»: Կիև այցից մեկ ամիս առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումներ է ունեցել Ռուսաստանում։ Ե՞րբ է նախատեսվում Բայրամովի Կիև այցը, դեռեւս հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Անկարան և Բաքուն գործում են համախոհության սկզբունքով։
Ադրբեջանական մեկ այլ իշխանական լրատվամիջոց՝ haqqin.az-ը Բայրամովի Մոսկվա այցի համատեքստում դիտարկել է ռուսաստանյան մի շարք թելեգրամյան ալիքների «հակաադրբեջանական» հրապարակումները և եզրահանգել, որ Ռուսաստանը «անհիմն մեղադրանքներ է ներկայացնում»։ Ի մասնավորի, խոսքը Դաղստանի հանդեպ Բաքվի տարածքային հավակնությունների և ՌԴ Ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի դեմ «թշնամական գործողություններ նախապատրաստելու» մասին է։
Ի՞նչ արդյունք կունենան Լավրով-Բայրամով բանակցությունները, պարզ կլինի կողմերի հայտարարություններից և փորձագիտական գնահատականներից։ Մի բան, կարծես թե, ակնհայտ է․ տեսանելի ապագայում հազիվ թե Պուտին-Ալիև հանդիպում կայանա։ Միաժամանակ, սակայն, Ադրբեջանը, երևի, բացահայտ չի միանա Ուկրաինայի ռազմական աջակիցներին։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244