Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
Noyan Tapan
AM RU EN WA FR

Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»

21-07-2026 16:08 Քաղաքականություն
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
1in.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին շնորհակալական նամակ է հղել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ նրանից ստացած շնորհավորանքների։ Թեև Վաշինգտոնի արձագանքը ստացվել է երկշաբաթյա ուշացումով, Թբիլիսիում համարել են, որ դեմոկրատական վարչակազմի պատճառով երկկողմ հարաբերություններում առաջացած բարդությունները «մնացել են անցյալում, և բարեկամության նոր էջը բոլոր նախորդներից ամենալավը կլինի»։
 
Վրաստանի խորհրդարանի իշխանական պատգամավոր Գուրամ Մաճարիշվիլին կարևորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին արված հրավերը, որի շրջանակներում նա հուլիսի 17-ին Վաշինգտոնում մասնակցել է «Քաղաքական ահաբեկչության վերսկսման մասին» խորագրով նախարարական հանդիպմանը և ելույթ ունեցել։ Բոճորիշվլին «քաղաքական ահաբեկչության» դրսեւորում է գնահատել Վրաստանի «արմատական խմբավորումների» գործողությունները, որ ուղղված են «պետական ինստիտուտների, այդ թվում՝ դատական և ընտրական համակարգի հեղինակազրկմանը»։
 
Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է «դիվանագիտական արարողակարգ չիմանալու» մեջ։ Նրա գնահատմամբ՝ «նման նամակներ ԱՄՆ-ը միշտ է հղում այն երկրներին, որ անկախության տոնի առթիվ շնորհավորում» են։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Լաշա Պարուլավան համոզված է, որ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները կկարգավորվեն, երբ Թբիլիսիում «իշխանության հակառակորդները բանտերից ազատ կարձակվեն, կձևավորվի ընտրություն կատարելու համար անհրաժեշտ միջավայր»։
 
Անցյալ ամիս ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը եռօրյա այցով գտնվել է Թբիլիսիում, հանդիպումներ և քննարկումներ ունեցել ինչպես վարչապետ Կոբախիձեի և կառավարության առանցքային անդամների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների և Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Շիո Երրորդի հետ։ Ամերիկյան դիվանագետների այցից կարճ ժամանակ հետո Վրաստանի կառավարությունը Անակլիա նավահանգստի և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը վերցրել է իր վրա՝ չեղյալ ճանաչելով չինական ընկերության հետ ավելի վաղ կնքած համաձայնագիրը։
 
Իր տարբերություն Եվրամիության, ԱՄՆ-ը Վրաստանի իշխանությունների առջև ընդգծված նախապայմաններ չի առաջադրել։ Այդուհանդերձ, քաղաքագետ Նինո Սկվորցովան տեսակետ է հայտնել, որ «Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների պայմաններում «Վրացական երազանքը» պատրաստ չէ կտրուկ փոխել ձեւավորված դիրքորոշումը»։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունը «չի գնա այնպիսի քայլերի, որ կարող են խաթարել ներքին կայունությունը և երկիրը ներքաշել տարածաշրջանային դիմակայության մեջ»։
 
Վաշինգտոնը Թբիլիսիին որևէ սկզբունքային առաջարկություն արե՞լ է, որի ընդունումը կարող է Վրաստանը «ներքաշել տարածաշրջանային դիմակայության մեջ», մնում է միայն ենթադրել։ Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է «Ռուսաստանի ուղղորդմամբ Իրանին օժանդակելու» մեջ։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 13 անգամ