Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

21-07-2026 14:54 Հայաստան Իրավունք
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
 
 
Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Ա.-ն, պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 2 հողամասերի (յուրաքանչյուրը 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:
 
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» հասարակական կազմակերպություններին, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ՝ դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար և, Հողային օրենսգրքի համաձայն, ենթակա չեն եղել օտարման:
 
Կ.Ա.-ն, տեղյակ լինելով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների կայացման հիմք: Արդյունքում՝ երկու հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են հասարակական կազմակերպություններին՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով: Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա կանաչ տարածքները դուրս են բերվել պետության հաշվեկշռից, վերացվել է դրանց նկատմամբ գործող օրենսդրական արգելքը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվել հարակից տարածքների հետագա սեփականաշնորհման համար:
 
Վերջնարդյունքում Երևանը զրկվել է նոր զբոսայգիներ և պուրակներ ստեղծելու հնարավորությունից, նախկինում հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր տարածքներ, խախտվել է քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Դատախազը Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): 2026 թվականի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան:
 
Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Եր. Զ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչպես նաև 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի ապրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Լ.-ի և 2004 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 28-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ի նկատմամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ դատախազություն
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք

Կարդացել են 18 անգամ