Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է

21-07-2026 12:38 Քաղաքականություն
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
1in.am  Հուլիսի քսանին հիսունվեցամյա Էնդի Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Անցյալ ուրբաթ նա ընտրվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ փոխարինելով Քիր Սթարմերին։ Բըրնհեմը վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզի հետ հանդիպումից հետո։
 
Դաունինգ սթրիթի նստավայրի մոտ նա լրագրողներին ասել է, որ միջազգային առաջին շփումները կունենա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հետ։ Նույն օրը նա հեռախոսազրույց է ունեցել նախ Դոնալդ Թրամփի, ապա և Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջին հեռախոսազրույցի մասին առայժմ մանրամասնություններ հայտնի չեն։
 
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է անձամբ՝ սոցիալական հարթակում կատարած գրառման ձևաչափով։ Ըստ այդմ, Էնդի Բըրնհեմը հավաստիացրել է, որ Ուկրաինային Մեծ Բրիտանիայի «աջակցությունը անսասան և վճռական» է, և նա «անձամբ կլինի» Ուկրաինայի կողքին։
 
Զելենսկին անոնսավորել է, որ ամենամոտ ապագայում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետին և հատկապես կարեւորել է «հակաբալիստիկ դաշինքի ստեղծումը»։ Խոսքը մի ծրագրի մասին է, որին մասնակցության պատրաստակամություն են հայտնել եվրոպական մեկ տասնյակից ավելի երկրներ։ Այդ համաձայնությունը կայացել է, երբ Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին օրերն էր անցկացնում։
 
Էնդի Բըրնհեմի առաջին քայլերից կարելի է հասկանալ, որ նա Ուկրաինային «անսասան և վճռական աջակցելու» հարցը նախապես համաձայնեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինային աջակցության հարցում Վաշինգտոնի և Լոնդոնի դիրքորոշումների մերձեցումը սկզբունքային նշանակություն ունի։
 
Պաշտոնական Մոսկվան Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի առաջին քայլերը դեռևս չի մեկնաբանել։ Ռուսաստանը ուկրաինական կարգավորման հարցում պաշտոնական Լոնդոնին մեղադրում է դեռևս 2022թ․ ապրիլին Ստամբուլում «նախաստորագրված պայմանավորվածություններից Կիևին տարհամոզելու» մեջ։ Երևում է, այդ դիրքորոշումը առնվազն Լեյբորիստական կուսակցության համար անփոփոխ է։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 6 անգամ