Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին

08-08-2026 10:28 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
 
Ազատություն․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգություն է հայտնել եկեղեցու «ներքին գործերին անհարկի միջամտության առնչությամբ»։
 
Խորհուրդն ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։
 
Կազմակերպությունը հույս է հայտնել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպես, որ կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը։
 
«Այս ժամանակահատվածում մենք աղոթքով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Առաքելական եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։
 
Նախօրեին մեկնարկեց Ամենայն Հայոց կաթողիկոսի դատավարությունը: Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
 
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:
 
«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ»,- նախօրեին հայտարարեց Գարեգին Երկրորդը:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 62 անգամ