ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31-07-2026 10:35 Վրաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
 
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով հուլիսի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ 
 
Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը։
 
Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանի անցման կետերում առաջացող հերթերի հետ կապված խնդիրները։
 
Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ժամանակակից ուսումնական ենթակառուցվածքները և վերապատրաստման հնարավորությունները, որտեղ վերապատրաստում են անցնում նաև սահմանապահները։ 
 
Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ 112 հանրային անվտանգության կառավարման կենտրոն։
 
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը այցի ավարտին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիին հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։
 
ԱԱԾ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 7 անգամ