Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար Հայրապետյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար Հայրապետյան

31-07-2026 14:14 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար Հայրապետյան
 
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Սևանում անցկացվող Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում տեղի է ունեցել Sevan AgriTech Summit-ը, որտեղ բացման ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 
 
Նախարարը նշել է, որ AgriTech-ը միավորում է ՀՀ Կառավարության համար առաջնահերթություն համարվող երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները, որոնց արդյունավետ համադրումը ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայման է։
 
Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության (ԱԲ), պատկերների վերլուծության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման։ Նրա խոսքով՝ այս առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել գյուղատնտեսական գործընթացները, բարձրացնել արտադրողականությունը, օպտիմալ օգտագործել բնական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և ժամանակին արձագանքել ոլորտում առաջացող մարտահրավերներին՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն և մրցունակ զարգացումը։
 
Նախարարը նշել է, որ ՀՀ Կառավարության քաղաքականություններից է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) խրախուսումը՝ տարածաշրջանում R&D տեխնոլոգիական յուրօրինակ հանգույց դառնալու և նորարարությունը խթանելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն ներդրումներ է կատարում մարդկային կապիտալի զարգացման և ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում ստեղծվող գիտելիքն ու տեխնոլոգիական լուծումները ծառայեն ինչպես տեղական տնտեսությանը, այնպես էլ արտահանվեն միջազգային շուկաներ։
 
Անդրադառնալով ԱԲ ոլորտի ենթակառուցվածքներին՝ նախարարը շեշտել է, որ բարձր արտադրողականության հաշվարկային ռեսուրսները կարևոր նախապայման են նաև գյուղատնտեսության ոլորտում նոր թվային լուծումներ ստեղծելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության համագործակցությունը՝ նշելով, որ Հրազդանում  գտնվող ԱԲ գործարանը հնարավորություն կտա ապահովել զգալի հաշվարկային հզորություններ, որոնք կծառայեն նաև գյուղատնտեսական նորարարությունների զարգացմանը։
 
Անդրադառնալով տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ նախարարը նշել է, որ դեռևս 2022 թվականին Հայաստանը ձեռք է բերել Երկրի հեռավար դիտարկման իր առաջին արբանյակը, իսկ այժմ Կառավարությունը նախաձեռնել է ևս երկու նոր, հեռավար դիտարկման արբանյակների ձեռքբերման գործընթացը։ 
 
Նրա խոսքով՝ նոր արբանյակները գյուղատնտեսության ոլորտը կապահովեն օպերատիվ և բարձր ճշգրտությամբ տվյալներով, որոնք հնարավորություն կտան ժամանակին գնահատել հողատարածքների ընթացիկ վիճակը, կատարել հիմնավորված կանխատեսումներ և առավել արդյունավետ կառավարել հնարավոր ռիսկերը։ Նախարարը շեշտել է, որ սա չի սահմանափակվում միայն արբանյակային պատկերների ստացմամբ․ այն ներառում է նաև դրանց արագ մշակման, վերլուծության և գործնական կիրառման ամբողջական համակարգի ձևավորում։ Նախարար Հայրապետյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը կնպաստի տվյալահեն որոշումների կայացմանը, կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը և կուժեղացնի Հայաստանի մրցունակությունն ու տեխնոլոգիական ինքնաբավությունը ոլորտում։
 
Մխիթար Հայրապետյանն այս համատեքստում կարևորել է նաև գյուղատնտեսության մեջ ավտոմատացված համակարգերի ներդրումը՝ ընդգծելով ռոբոտաշինության ոլորտի զարգացման հրամայականը, ինչը հենց գյուղատնտեսությանը կարող է ապահովել աշխատանքների ավտոմատացում, բարձրացնել բերքատվությունն ու նվազեցնել ծախսերը։ Ըստ նախարարի՝ դրանք կօգնեն առավել ճշգրիտ խնամել հողը և բերքը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։
 
Ելույթն ամփոփելով՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը պետության և մասնավոր հատվածի ջանքերի համադրումն ու գործընթացների արագացումն է, որպեսզի նորարարական լուծումները հնարավորինս սեղմ ժամկետներում ներդրվեն գյուղատնտեսության ոլորտում։
 
 ԲՏԱ նախարարություն
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 7 անգամ