ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

20-07-2026 15:37 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

Հայաստանում առաջարկվում է ընդլայնել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների հասանելիության պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը՝ դրանում ներառելով ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին և համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող ծրագրով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները՝ գրաֆիկական և կենտրոնական պրոցեսորների աշխատանքային ժամերը, օպերատիվ հիշողությունն ու տվյալների պահպանման տարածքը, օգտագործվում են արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և գործարկման համար։Փոփոխությունների ընդունման դեպքում ծրագրին կարող են դիմել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում սովորող անձինք, ինչպես նաև բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները։Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծրագրին կարող են մասնակցել նաև Հայաստանում վերջին հինգ տարում գրանցված ստարտափներն ու ընկերությունները, որոնք իրականացնում են նորարարական կամ տեխնոլոգիական նախագծեր։Աջակցությունը կարող է տրամադրվել ծրագրային ապահովման, արհեստական բանականության, տվյալագիտության, մեքենայական ուսուցման, կիբեռանվտանգության, ամպային և եզրային հաշվողական տեխնոլոգիաների, վիրտուալ ու ավելացված իրականության, քվանտային տեխնոլոգիաների, առաջադեմ ինժեներիայի, բիոինժեներիայի, բժշկական, տիեզերական և կայուն տեխնոլոգիաների ոլորտներում նախագծեր իրականացնողներին։

Ծրագրի նպատակներում նախատեսվում է ներառել նաև դիփ-թեք տեխնոլոգիաների, խելացի թվային համակարգերի, նախատիպավորման և ներկառուցված համակարգերի զարգացումը։Հայտի լրացման գործընթացը կպարզեցվի։

Դիմողի անձնական, կրթական, գրանցման, հարկային և գործունեության վերաբերյալ տվյալների մի մասը պետական տեղեկատվական համակարգերից հարթակում կլրացվի ինքնաշխատ եղանակով։Ֆիզիկական անձանց տվյալները կստացվեն բնակչության պետական ռեգիստրից և կրթական տեղեկատվական համակարգերից, իսկ ընկերությունների վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Պետական եկամուտների կոմիտեի համակարգերից։Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականի հունվարին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Amazon Web Services ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով սահմանվել են հաշվողական ծառայությունների տրամադրման, վճարման և հաշվետվողականության պայմանները։Ռեսուրսները շահառուներին կտրամադրվեն GPU և CPU ժամերի, հիշողության ու տվյալների պահպանման տարածքի սահմանաչափերով։

Նախատեսվում է նաև մենթորական աջակցություն։Նախագծի ընդունմամբ 2026 թվականին պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։

 

 

Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 12 անգամ