ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ

20-07-2026 11:53 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ
ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի՝ Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:
 
ՊԵԿ-ից հայտնում են, որ այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձինք թերհայտարարագրում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։
 
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ, անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։
 
Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։
 
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել բացահայտ գործողությունների։
 
Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները,  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը:
 
Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության 2025-26թթ.-ին կազմակերպած 25 խնջույքներից ձևավորված 300 մլն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն ՀՀ դրամ։
 
Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
Միաժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 13 անգամ