Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
31-07-2026 13:45 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալական Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Մարտինսին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հաջողություններ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Պորտուգալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում ներկայության ընդլայնման և նոր հնարավորությունների բացահայտման հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին: