1in.am Ուզբեկստանի և Ղրղըզստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին տասնապատկվել է, եկող տարի այն կհասնի երկու միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, փոխանցել է bright.uzbekistan-ի ֆեյսբուքյան էջը։ Ուզբեկստանի նախագահը պետական այցով գտնվել է Ղրղըզստանում։ Նախագահ Ժապարովի հետ բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են «Դաշնակցային հարաբերությունների մասին» պայմանագիր, որի մանրամասնությունները առայժմ հայտնի չեն։ Կողմերը նաև պայմանավորվել են նախագահների ղեկավարության ներքո Միջպետական խորհուրդ ստեղծելու մասին, ձեռք է բերվել Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու երկայնքով առևտրա-լոգիստիկ ենթակառուցվածքների համատեղ զարգացման պայմանավորվածություն։
Հուլիսի 30-ին պետական այցով Ղրղըզստան է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը նրան դիմավորել է Չոլփան-աթա քաղաքի օդանավակայանում։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվությունից հասկացվում է, որ Ժապարով-Ալիև բանակցությունների վայր է ընտրվել Ղրղըզստանի նախագահի՝ Իսիկ-կուլ լճի մերձակայքում գտնվող նստավայրը։
Ուշագրավ է, որ Ալիևի Ղրղըզստան այցը հաջորդում է Ռուսաստանի նախագահի հետ նրա հեռախոսազրույցին և տեղի է ունենում Միրզիյոև-Ժապարով բանակցություններից և ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածություններից հետո։ Պետական գործիչների աշխատանքային ժամանակացույցում նման «պատահական համընկնումներ», որպես կանոն, չեն լինում։ Իսկ եթե հավելենք, որ հուլիսի 29-ին Օմսկում հանդիպել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները, որից հետո Պուտինը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրերի վերանայման բանակցություններ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել, ապա կստացվի ավելի «հետաքրքիր խճանկար»։
Ուզբեկստանը և Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն, բայց դաշնակցային հարաբերություններ ունեն ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ղրղըզստանի հետ։ Կենտրոնական Ասիայի երեք երկրները և Ադրբեջանը միաժամանակ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները, ընդսմին, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։
Օգոստոսի 6-7-ին վարչապետ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հուլիսի 30-ին նա ասել է, որ այդ հարթակում ներկայացնելու է Հայաստանի «օրակարգին առնչվող բոլոր հարցերը»։ Տպավորություն է, որ ԵԱՏՄ փաստացի չգոյության հետ անդամ բոլոր պետությունները հաշտվել են, բայց ֆորմալացումը «թողնվել է Հայաստանի պատասխանատվությանը»։ Կենտրոնական Ասիայի ԵԱՏՄ-ական երկրները, համենայն դեպս, «թիկունքային ապահովություն են ստեղծում»։