Պուտինը արձակել է Դոնբասի «լիակատար ազատագրման» հրամանը, Ուկրաինային կհաջողվի՞ ձախողել այդ ծրագիրը
05-08-2026 19:04 Քաղաքականություն
1in.am Օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։ Տեղեկատվությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ՌԴ նախագահը հայտարարել է կադրային նոր նշանակումների մասին։ «Պաշտպանության նախարարի առաջարկությամբ թիկունքային բոլոր ծառայությունները մեկ ձեռքում կենտրոնացնելու որոշում է ընդունվել, և այդ ուղղությամբ պաշտոնի է նշանակվել, ես նման որոշում եմ կայացրել, Վալերի Սոլոդչուկը»,- ասել է Պուտինը։ Մինչ այդ պաշտոնին նշանակվելը Սոլոդչուկը հանդիսացել է «Կենտրոն» զորամիավորման հրամանատարը։
Այդ պաշտոնում ՌԴ նախագահի հրամանագրով նշանակվել է գեներալ-գնդապետ Անդրեյ Իվանաևը։ Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ՝ «Կենտրոն» զորամիավորը «կատարում է ամենակարեւոր, պատասխանատու խնդիրը՝ «Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության» ազատագրումը, և հարցը, թե ով կգլխավորի այն, ով է լինելու հրամանատարը, շարքային» չէ։ Պուտինը բառացիորեն հետևյալն է ասել․ «Ես խնդրում եմ, որ Անդրեյ Սերգեևիչ Իվանաևը անցնի այդ աշխատանքին, այդ տեղամասը»։
Փաստացի Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ Դոնեցկի մարզի «ամբողջական ազատագրումը» այդ ուղղության նախկին հրամանատարի օրոք չի ստացվել, այդ իսկ պատճառով գեներալ Սոլոդչուկը նշանակվել է զորքերի թիկունքի պետ, իսկ նրա փոխարեն նշանակվել է Անդրեյ Իվանաևը։
Հետաքրքրական է, որ նույն՝ «Կենտրոն» զորամիավորման շտաբի պետ Դենիս Լյամինը Պուտինի հրամանագրով նշանակվել է ՌԴ ԶՈՒ Անօդաչու համակարգերի զորքերի հրամանատար։ Այդ զորատեսակը նոր է ստեղծվել և գտնվում է կազմավորման փուլում, իսկ հրամանատարի հարցում, ինչպես ՌԴ նախագահն է պարզաբանել, քննարկումներ են եղել, «թե ով է այդ բնագավառում իրեն ավելի լավ դրսևորել»։ Նրա խոսքերով՝ «այդ ասպարեզում ավելի որակավորված մասնագետներից մեկը» Լյամինն է։
Ուկրաինայի դեմ պատերազմող զորքերի հրամանատարական կազմում ՌԴ նախագահի կատարած փոփոխությունները և փոխատեղությունները հուշում են, որ առաջիկայում Ռուսաստանը Դոնեցկի ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսելու։ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության բանակցային կարգավորման «նախաձեռնությունների» մասին տեղեկատվական արտայոսքերի համատեքստում Պուտինի այդ նախաձեռնությունը հասկանալի է, լրանում է Անքորիջի գագաթաժողովի մեկ տարին, բայց ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզից դուրս չեն բերվել, իսկ Ռուսաստանին չի հաջողվել «ազատագրել «ԴԺՀ»-ն»։
Եթե Ռուսաստանին հաջողվի ռազմական նոր գործողությունների արդյունքում հասնել Դոնբասի «լիակատար և վերջնական ազատազրկմանը», ապա բանակցությունները կիմաստազրկվեն։ Նույն օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի ԿԲ սառեցված ակտիվների շահաբաժնի հաշվին Ուկրաինային լրացուցիչ 1, 4 միլիարդ եվրո է տրամադրվել՝ ամրապնդելու պաշտպանունակությունը։ Ուկրաինային կհաջողվի՞ ձախողել Դոնբասը և այլ տարածքներ օկուպացնելու ՌԴ նախագահի ծրագիրը։