«Պեկինը կլուծի Ռուս-ուկրաինական հակամարտությունը»
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Պեկինը կլուծի Ռուս-ուկրաինական հակամարտությունը»

04-08-2026 18:12 Քաղաքականություն
«Պեկինը կլուծի Ռուս-ուկրաինական հակամարտությունը»
1in.am  Ռուսաստանը Ուկրաինայի հարցով բանակցությունների համար բաց է՝ պայմանով, որ Արեւմուտքի երկրների կողմից լինի կառուցողական և հասուն մոտեցում։ Ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք միշտ բանակցությունների պատրաստ ենք, մենք բանակցային լուծման համար բաց ենք, մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, բանակցություններից դուրս է եկել մյուս՝ ուկրաինական կողմը։ Նա մերթ բանակցություններից հեռացել է, մերթ՝ ինքն իրեն արգելել, որ մասնակցի, իրեն, մեղմ ասած, անհետեւողական է պահել»,- ասել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի «եթե հովանավորների ճամբարում հասունանա հակամարտության լավ հայտնի սկզբնապատճառների վերացմանը ուղղված անկեղծ, կառուցողական երկխոսության անհրաժեշտության ընկալում, այդ ժամանակ, հավանաբար, քննարկումների հեռանկար կլինի»,- մեկնաբանել է Գալուզինը։
 
Ռուսաստանի փոխարտգործնախարարը, այդպիսով, մերժել է Ուկրաինայի նախագահի կողմից ավելի վաղ հնչեցրած առաջարկությունը՝ օդային զինադադար կնքել, դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, սառեցնել ցամաքային ռազմագործողությունները և վերսկսել քաղաքական քննարկումները։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը հարցազրույցում արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ զորքերի շփման գծի «սառեցումից հետո Ուկրաինան ոչ մի տարածք ռուսաստանապատկան չի ճանաչի»։ Մոսկվան մշտապես պնդել և պնդում է, որ կրակի դադարեցմանը պետք է նախորդի «իրավական ուժ ունեցող պայմանագրի ստորագրումը»։
 
Ուկրաինական Unian-ը, հղելով իտալական La7 հեռուստաընկերությանը, ներկայացրել է աշխարհաքաղաքականության հարցերով մասնագիտացված Limes հանդեսի տնօրեն Լուչո Կարաչոլոյի տեսակետը, ըստ որի՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ճակատագիրը կորոշվի ոչ Մոսկվայում և ոչ էլ Կիևում, վերջնական խոսքը կմնա Պեկինին և Վաշինգտոնին»։ Նա պարզաբանել է, որ «բախման ուղղակի մասնակիցներից ոչ մեկը այսօր քաղաքական ազատություն չունի, որպեսզի կրակը դադարեցնի», իսկ առաջինը «որոշում կընդունեն չինացիները, հետո՝ ռուսները, բայց՝ ելնելով նրանից, թե ինչ կասի Պեկինը, իսկ վերջում՝ ամերիկացիները»։ Իտալացի քաղաքագետը ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին գտնվում են «մի իրավիճակում, երբ պատերազմը դադարեցնելու փորձը նրանց կարժենա քաղաքական կարիերայի վերջ, հնարավոր է՝ նույնիսկ «այլ բան»»։
 
Սեպտեմբերի 24-ին Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այցով կգտնվի Վաշինգտոնում։ Հուլիսի 28-ին Սպիտակ տան Օվալաձև սրահում կայացել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որին հաջորդել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի «վերբեռնման» մասին ոչ պաշտոնական տեղեկություններ։ Կարելի է ենթադրել, որ Չինաստանի առաջնորդի հետ բանակցություններում ԱՄՆ նախագահը «կփորձի Ուկրաինայի հարցում նրանից աջակցություն ստանալ»։ Բայց ինչի՞ դիմաց։ Չինաստան այցից հետո Դոնալդ Թրամփը Թայվանի «ճանաչումը սառեցրել» է, բայց Թայբեի իշխանությունները Միացյալ Նահանգներից շարունակաբար ռազմական աջակցություն են ստանում։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 80 անգամ