Բաքուն և Անկարան հայ-թուրքական կարգավորման հարցում «տարակարծի՞ք» են
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Բաքուն և Անկարան հայ-թուրքական կարգավորման հարցում «տարակարծի՞ք» են

04-08-2026 15:48 Քաղաքականություն
Բաքուն և Անկարան հայ-թուրքական կարգավորման հարցում «տարակարծի՞ք» են
1in.am  Թուրքական Haber Global հեռուստաընկերության համար «մեկնաբանություններում» Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը վերստին կրկնել է այն միտքը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման «խոչընդոտ չի լինի», եթե Հայաստանի սահմանադրությունից «հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող առանցքային հոդվածը»։ Համենայն դեպս, նրա ձևակերպումը Բաքվի իշխանական լրատվամիջոցները այդպես են ներկայացրել։
 
Հաջիևի «մեկնաբանությունները» հաջորդել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի, Ստամբուլում և Կարսում գլխավոր հյուպատոսների ետկանչին և այդ պաշտոններում նոր նշանակումներին։ Թուրք-ադրբեջանական հարաբերություններում «տարակարծությունները» սկսվել են Անկարայում Ադրբեջանի արդեն նախկին դեսպան Ռաշադ Մամեդովի հարցազրույցից, երբ նա միանշանակորեն պնդել է, որ Թուրքիան «Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորել»։ Մի քանի թուրք նախկին դիվանագետներին Մամեդովին սուր քննադատել են Թուրքիայի «անունից սկզնունքային հարցերում չհամաձայնեցված տեսակետներ հնչեցնելու» համար։
 
Խոսելով Հայաստանի սահմանադրության «նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող առանցքային հոդվածի»՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման «խոչընդոտի» մասին, Հաջիևը Անկարային դիվանագիտական լեզվով խնդրել է հայ-թուրքական սահմանը «առայժմ չբացել»։ Ամենևին էլ պատահական չէ, որ թուրքական հեռուստաընկերությանը նա «մեկնաբանություններ» է տվել Հայաստանի Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին զուգահեռ։ Մանավանդ որ վերջին շրջանում տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան «սկսել է Կարս Գյումրի երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման աշխատանքները»։
 
Հաջիևը անդրադարձել է նաև Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ադրբեջանի կողմից Թուրքիային «ցուցաբերած աջակցությանը»։ Haqqin.az-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ այդ առթիվ Ադրբեջանը Իսրայելին «լուրջ անհանգստություն է հայտնել», քանի որ «Բաքվի համար Թուրքիայի շահերը կարմիր գիծ» են։ Իսրայելական vesty ռուսալեզու կայքը հարցազրույց է ունեցել Կնեսեթի արդեն լիազորությունները ավարտած պատգամավոր Սովայի հետ։ Վերջինս անկեղծորեն խոստովանել է, որ Նաթանյահուի կառավարության համար «Հայաստանի սառը արձագանքը անսպասելի» էր։
 
Նման զգայուն հարցի շուրջ ավելին, թերևս, չեն ասում և, գուցե, հարկ չկա խորանալու, թե Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումն ընդունելիս ի՞նչ հաշվարկ և մոտիվացիա է ունեցել։ Փաստ է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը կառավարության նիստի նախօրեին ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Ի վերջո, Թուրքիան այդ և բազմաթիվ այլ հարցերում Ադրբեջանի աջակցության կարիքը չունի։ Եվ եթե Էրդողանը իսրայելա-ադրբեջանական համագործակցությանը դեմ լինի, ապա Ալիևին ոչինչ չի մնա, քան հրեական պետության հետ հարաբերությունները նվազագույնի հասցնել։
 
Անշուշտ, չարժե վարկածել, թե Բաքվի և Անկարայի միջև «անհասկացողության պատ» կա, բայց Հաջիևի «մեկնաբանությունների» հանրայնացման նախօրեին իշխանական minval politika-ն գրել է, որ «չնայած Հայաստանի հետ սահմանի բացման հարցում տարբեր շրջանակներից գործադրվող ազդեցություններին, Թուրքիայի իշխանությունները շարունակում են Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին հավատարիմ մնալ»։ Ի՞նչ շրջանակներից և ո՞ր աստիճանի «ազդեցություններ են գործադրվում» Էրդողանի ուղղությամբ, մանրամասնություններ առայժմ հայտնի չեն։ Բայց խոսքը «ներքին ազդեցությունների» մասին է։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 87 անգամ