Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06-08-2026 15:12 Հայաստան Հասարակություն
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեում կատարվել է շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ ՀՀ մարզերում մանկապարտեզների շինարարական ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով։
Ֆինանսական հատկացումները կուղղվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես՝ նախատեսվում է ավարտին հասցնել 35 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, մեկնարկել ևս 8 մանկապարտեզի հիմնանորոգումը, ինչպես նաև իրականացնել լրացուցիչ աշխատանքներ արդեն կառուցված կամ հիմնանորոգված 18 մանկապարտեզում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկացվող միջոցների մեծ մասը կուղղվի ավարտական փուլում գտնվող մանկապարտեզների շինարարությանը։ Միաժամանակ, ֆինանսավորում կստանան նաև նոր մեկնարկող ծրագրերն ու այն մանկապարտեզները, որոնցում հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն կա։
Բացի այդ՝ ֆինանսավորում կհատկացվի ևս 8 մանկապարտեզի տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։ Նախագծով նախատեսված են նաև միջոցներ՝ «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող դպրոցների շենքային ապահովվածության բարելավման դրամաշնորհային ծրագրի շրջանակում խորհրդատվական, ուսուցման և նախագծային ծառայությունների ֆինանսավորման նպատակով։
Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ հատկացվող միջոցները կօգնեն ավարտին հասցնել ոչ միայն մանկապարտեզների շենքերի, այլև հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ ապահովելով ամբողջական արդյունք:
Ֆինանսավորման փաթեթում ընդգրկված են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տասնյակ մանկապարտեզներ։ Ծրագրերի մի մասով հատկացվում են պայմանագրերի մնացորդային գումարները և բակերի բարեկարգման համար անհրաժեշտ միջոցները, մյուսներում ֆինանսավորվում է շինարարության մեկնարկը, իսկ արդեն ավարտված օբյեկտներում՝ լրացուցիչ աշխատանքների իրականացումը։
Ըստ հիմնավորման՝ մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 8.2 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում, որից այսօր ընդունված որոշմամբ կհատկացվի 5.6 մլրդ դրամը, իսկ մնացած մասը՝ ըստ անհրաժեշտության՝ ծրագրերի իրականացման ընթացքում։
Որոշմամբ կապահովվի Կառավարության «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և վերանորոգման» ծրագրի շարունակական իրականացումը։