Ազատություն. Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն էր հունիսին բանտից ձայնային ուղերձով հայտնել, որ իրենց դատավճիռները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Բողոքարկումն, ըստ Իշխանյանի, ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան:
Ադրբեջանի բանտերում պահվող 15 հայ գերիների դատավճիռները Բաքուն հրաժարվում է տրամադրել:
Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո կատարյալ մեկուսացման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիները արդեն 8 ամիս է՝ զրկված են նաև իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից: Այսինքն, ադրբեջանական արդարադատությունը մերժում է տեղեկացնել, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել Հայաստանի քաղաքացիներին և ինչ ապացույցների հիման վրա:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ միջազգային կառույցներում ակտիվորեն զբաղվում է հայ գերիների հարցերով, ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, որ դատավճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին. ՄԻԵԴ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները:
Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմին հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որն անհրաժեշտ էր ՄԻԵԴ դիմելու համար։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և այնտեղ կներկայացնի նրա շահերը։
Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։